Հիմնական բովանդակության սկիզբ

Կարևոր տեղեկատվություն

Կարևոր է իմանալ - եթե Դուք ցանկանաք օգտագործել ֆիզիկական անվտանգության սարքը թվային անվտանգության սարքի փոխարեն, ապա չեք կարողանա օգտվել մոբայլ բանկային հավելվածից:

Օնլայն բանկային ծառայության պայմաններ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի` ինտերնետի միջոցով հաղորդակցման և գործարքների իրականացման պայմաններ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի՝ (այսուհետ` Բանկ) ինտերնետի միջոցով հաղորդակցման և գործարքների իրականացման պայմանները (այսուհետ` նաև Պայմաններ) սահմանում են Բանկի Հաճախորդների կողմից ինտերնետի միջոցով գործարքների կատարման և հաղորդակցման (այսուհետ` Ծառայություն կամ Օնլայն բանկային Համակարգ) կարգը և պայմանները: Սույն Պայմաններում շարադրված «Մենք», «Մեզ», «Մեր» դերանունները վերաբերում են Բանկին, իսկ «Դուք», «Ձեզ», «Ձեր» դերանունները` Հաճախորդին:

Մինչև Ծառայությունից օգտվելը Հաճախորդը պետք է մանրամասնորեն ծանոթանա Ծառայության Պայմաններին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում` ձեռնպահ մնա Ծառայությունից օգտվելուց: Հաճախորդը սույնով հաստատում է, որ Ծառայությունից օգտվելը համարվում է Հաճախորդի կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունում:

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՑԱՆԿ

Ստորև նշված հասկացությունները կիրառվում են հետևյալ նշանակությամբ՝

«Հաճախորդ» ֆիզիկական անձ, որը Բանկում ունի իր անունով բանկային հաշիվ և գրանցվել է Օնլայն բանկային ծառայության համար։

  • «Օնլայն բանկային ծառայություն» Բանկի Օնլայն բանկային ծառայություն, որը հնարավորություն է ընձեռում ապահով եղանակով կատարել բանկային գործարքներ, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն Բանկի պաշտպանված ինտերնետային կայքի միջոցով։
  • «Անվտանգության սարք» մասնաճյուղում Հաճախորդին տրամադրվող էլեկտրոնային սարք, որն օգտագործվում է Օնլայն բանկային համակարգի համար Անվտանգության ծածկագիր գեներացնելու նպատակով:
  • «Թվային անվտանգության սարք» գործառույթ, որը  հասանելի է դառնում մոբայլ հավելվածի միջոցով և հնարավորություն է տալիս Հաճախորդին գեներացնել Անվտանգության ծածկագիր Օնլայն բանկային համակարգ մուտք գործելու նպատակով։ Անվտանգության սարքը և Թվային անվտանգության սարքը համատեղելի չեն։
  • «Անվտանգության սարքի PIN կոդ» Հաճախորդի կողմից Անվտանգության սարքի ակտիվացման ընթացքում ստեղծված 4-8 նիշ պարունակող PIN կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել Անվտանգության ծածկագիր գեներացնելու համար։
  • «Անվտանգության ծածկագիր» Անվտանգության սարքի կամ Թվային անվտանգության սարքի միջոցով գեներացված մեկանգամյա անվտանգության ծածկագիր, որը փոխվում է յուրաքանչյուր մուտքի և գործարքի հաստատման դեպքում:
  • «Գաղտնաբառ» Հաճախորդի կողմից Օնլայն բանկային ծառայությանը գրանցվելիս ստեղծված գաղտնաբառ, որն անհրաժեշտ է մոբայլ հավելվածը կարգավորելու կամ Անվտանգության սարքն ակտիվացնելու համար։
  • «Կրեդիտ Քարտի Վճարումներ» Բանկի կրեդիտ քարտերին կատարվող վճարումներ։
  •  «Էյչ-Էս-Բի-Սի Խումբ» (1) Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն և ցանկացած ընկերություն, որը կարող է հանդիսանալ Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս  փի-էլ-սի-ի դուստր ընկերություն, ներառյալ՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն և վերջինիս դուստր ընկերությունները և/կամ փոխկապակցված ընկերությունները, (2) Ցանկացած կազմակերպություն, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող է վերահսկվել սույն պարբերության (1) ենթակետում նշված որևէ ընկերության կողմից, թեև այդ ընկերությանն են պատկանում  բաժնետոմսերի ոչ ավել, քան 50%-ը, և (3) ցանկացած կազմակերպություն, որի մասին Մենք համապատասխանաբար կծանուցենք Հաճախորդին:
  •  «Փոխանցումներ» Բանկում, ՀՀ տարածքում կամ օտարերկրյա պետություններում գործող այլ բանկերում սպասարկվող հաշվին (ներառյալ համատեղ հաշիվները) Հաճախորդի կողմից կատարվող ցանկացած փոխանցումներ:

1. Ծառայության միջոցով իրականացվող գործարքների և տրամադրվող տեղեկատվության ցանկ

Ծառայության միջոցով կատարվող գործարքների և ստացվող տեղեկատվության ցանկը հասանելի է Բանկի ինտերնետային կայքում հետևյալ հղմամբ' և կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել Բանկի կողմից` Հաճախորդին ծանուցելով Բանկի ինտերնետային էջում կամ Բանկի մասնաճյուղերում համապատասխան հայտարարություն տեղադրելու միջոցով`։

Բանկի կողմից Հաճախորդին առաջարկվող Ծառայության նկատմամբ կիրառվում են սույն Պայմանները, Բանկի «Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանները (Ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի համար)» (Հիմնական Պայմաններ), ինչպես նաև Բանկի «Քարտային ծառայությունների տրամադրման պայմանները» և Բանկի այլ կիրառելի պայմանները:

Նշում՝ Օնլայն բանկային ծառայության միջոցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը` ներառյալ գործարքի նպատակը և նկարագրությունը, շահառուի մասին տվյալները, վճարահաշվարկային փաստաթղթերում մուտքագրվում և արձանագրվում է անգլերեն լեզվով և անգլերեն տառերով, կամ հայերեն կամ ռուսերեն` անգլերեն տառերով:

2. Գրանցում և օգտագործում - անվտանգության ծածկագրեր և կանոններ

Ծառայությանը գրանցվելու համար Հաճախորդը պարտավոր է Բանկում ունենալ գործող բանկային հաշիվ:

Ծառայությանը գրանցվելու գործընթացի ժամանակ Հաճախորդն ընտրում է անձնական օգտագործողի անուն, որը հանդիսանում է Ծառայությունից օգտվելու նպատակով Հաճախորդի անհատական տվյալները պարունակող տառային/թվային նիշերի չկրկնվող համադրություն: Հաճախորդի կողմից անձնական օգտագործողի անունն ընտրելուց հետո Բանկի ինտերնետային սերվերում ստեղծվում է Հաճախորդի անձնական էջ, որը պարունակում է Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ` Հաճախորդին վերաբերող անձնական բոլոր տվյալները, և որը հասանելի է բացառապես Հաճախորդին: 

Հաճախորդի անձնական էջի ստեղծումից հետո Հաճախորդն անձնական էջում ստեղծում է Գաղտնաբառ, ինչպես նաև տեղակայված հարցերի ցանկից պարտավոր է ընտրել  անվտանգության հարց և լրացնել պատասխան:

Օնլայն բանկային ծառայությանը հասանելիություն ունենալու համար Հաճախորդը պետք է ակտիվացնի Թվային անվտանգության սարք կամ Անվտանգության սարք։

Մոբայլ հավելվածից օգտվելու պարագայում, Թվային անվտանգության սարքի ակտիվացումը պարտադիր է, ընդ որում Հավելվածում Թվային անվտանգության սարքի ակտիվացումից հետո, Անվտանգության սարքը այլևս չի գործի։

Թվային անվտանգության սարքը չակտիվացնելու պարագայում, Հաճախորդը չի կարողանա օգտվել Մոբայլ հավելվածից։ Օնլայն բանկային ծառայությունը կմնա Հաճախորդին հասանելի։

Հաճախորդի համար անվտանգության սարք տրամադրելուց հետո, նա ունի 30 օր այն ակտիվացնելու համար։

Հաճախորդի անձնական օգտագործողի անունը, Գաղտնաբառը, նախընտրելի անվտանգության հարցը և պատասխանը (այսուհետ միասին` Նույնականացման և Անվտանգության Տվյալներ), ինչպես նաև Անվտանգության սարքի կամ Թվային անվտանգության սարքի միջոցով գեներացված Անվտագության ծածկագիրը ապահովում են Ծառայության անվտանգությունը: 

Թվային անվտանգության սարքը կարգավորվում է Հաճախորդի կողմից Մոբայլ հավելվածի հետ մեկտեղ։

Հաճախորդը երաշխավորում է, որ Անվտանգության սարքը  կամ Թվային անվտանգության սարքը կօգտագործվի բացառապես իր կողմից և չի փոխանցվի երրորդ անձանց:

Հաճախորդին տրամադրված անվտանգության սարքի որևէ թերության կամ անսարքության դեպքում Բանկը Հաճախորդի պահանջով պարտավորվում է փոխարինել Անվտանգության սարքը: Ելնելով անվտանգության նկատառումներից` Բանկն իրավունք ունի չեղարկել Հաճախորդի անվտանգության սարքը`Հաճախորդին տրամադրելով նորը: Անվտանգության սարքի կամ Թվային անվտանգության սարքը սպասարկող սարքի կորստի դեպքում Հաճախորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Բանկին կորստի մասին՝ զանգահարելով +374 (60) 655 444 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկ, ներառյալ գրավոր եղանակով՝  հանձնարարելով չեղարկել Անվտանգության սարքը կամ ժամանակավորապես կասեցնել Ծառայությունից օգտվելու հնարավորությունը:

Հաճախորդը Նույնականացման և Անվտանգության Տվյալների միջոցով հաստատում է իր ինքնությունը, ինչպես նաև այն փաստը, որ համապատասխան գործարքի հանձնարարականը/հարցումը ներկայացվել է անձամբ իր կողմից: Հաճախորդը հաստատում է, որ Նույնականացման և Անվտանգության Տվյալների կիրառմամբ հանձնարարականների/հարցումների ներկայացումը (ա) հավասարազոր է Հաճախորդի կողմից անձամբ ստորագրված հանձնարարականներին/հարցումներին, և (բ) Բանկի համար հանդիսանում է Հաճախորդի համապատասխան հանձնարարականը հաստատող բավարար ապացույց: Ծառայությունից օգտվելու ընթացքում Հաճախորդի կողմից գործարքի հանձնարարականները/հարցումները բացառության կարգով կարող են ներկայացվել նաև Նույնականացման և Անվտանգության Տվյալների կիրառմամբ` պաշտպանված էլեկտրոնային հաղորդագրություններ (secure messages) ուղարկելու միջոցով: Հաճախորդը անվերապահորեն հաստատում է Նույնականացման և Անվտանգության Տվյալների կիրառմամբ Բանկին ներկայացված հանձնարարականների հիման վրա Բանկի կողմից կատարված գործարքների պայմանները, ինչպես նաև ընդունում է, որ Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում սույն Պայմանների պահպանմամբ կատարված գործարքների/գործողությունների համար և այդ կապակցությամբ պարտավորվում է զերծ պահել Բանկին որևէ պահանջի ներկայացումից:

Հաճախորդի Նույնականացման և Անվտանգության Տվյալները չկրկնվող են, անձնական և գաղտնի: Բանկը չի կարող տեղեկանալ Հաճախորդի կողմից ընտրված Նույնականացման և Անվտանգության Տվյալներին: Դրանք ընտրվում են Հաճախորդի կողմից` Ծառայությանը գրանցվելու ընթացքում և կարող են փոփոխվել միայն նրա կողմից: Հաճախորդը տեղեկացված է և գիտակցում է, որ Նույնականացման և Անվտանգության Տվյալների պարբերաբար փոփոխումը Ծառայությունից օգտվելու ընթացքում անվտանգությանն ուղղված անհրաժեշտ միջոցառում է:

Հաճախորդի կողմից Ծառայությանը գրանցվելուց հետո Բանկը չի պահանջելու Հաճախորդից բացահայտել իր Նույնականացման և Անվտանգության Տվյալները:

Հաճախորդը պարտավոր է ապահովել Նույնականացման և Անվտանգության Տվյալների պատշաճ պահպանությունը` երրորդ անձանց կողմից այդ տվյալների չթույլատրված օգտագործումը կամ դրանց արտահոսքը կանխելու նպատակով: Այն դեպքերում, երբ Հաճախորդը հայտնաբերում է իր Նույնականացման և Անվտանգության Տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու կամ երրորդ անձանց կողմից դրանք ապօրինի օգտագործելու փաստը, Հաճախորդը պարտավոր է անհապաղ դիմել Բանկ` դրանք արգելափակելու հրահանգով:

Ծառայությունից օգտվելու ընթացքում Հաճախորդի կողմից Նույնականացման և Անվտանգության Տվյալների երեք անգամ սխալ մուտքագրման դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ծառայություն մուտք գործելու հնարավորությունը ժամանակավորապես արգելափակվում է: Ծառայության մուտք գործելու հնարավորությունը վերականգնելու նպատակով Հաճախորդը պետք է հետևի Ծառայության միջոցով Բանկի կողմից ներկայացված հրահանգներին:

Եթե Հաճախորդը չի հիշում իր Անվտանգության սարքի PIN կոդը, նա կարող է փոխել այն Բանկի ինտերնետային կայքի միջոցով` օգտագործելով անձնական անվտանգության հարցերը և պատասխանները: Եթե Հաճախորդը չի հիշում իր անվտանգության հարցերը և պատասխանները, ապա կարող է դիմում ներկայացնել Բանկին ինտերնետային կայքի միջոցով ` նոր Նույնականացման և Անվտանգության Տվյալներ ստանալու նպատակով: Նոր Նույնականացման և Անվտանգության Տվյալներն ակտիվացնելու և դրանց կիրառմամբ Ծառայությունից օգտվելու նպատակով Հաճախորդը պարտավոր է կատարել հաստատում` զանգահարելով +374 (60) 655 444 հեռախոսահամարով, եթե Հեռախոսային բանկային ծառայության օգտատեր է կամ այցելելով Բանկի մասնաճյուղ:

Եթե Հաճախորդը չի հիշում իր մոբայլ բանկային ծառայության գաղտնաբառը, անվտանգության հարցը և պատասխանը, նա կարող է դիմում ներկայացնել Բանկի ինտերնետային կայքի միջոցով` նոր Նույնականացման և Անվտանգության Տվյալներ ստանալու նպատակով: Նոր Նույնականացման և Անվտանգության Տվյալներն ակտիվացնելու և դրանց կիրառմամբ Ինտերնետային և Մոբայլ բանկային ծառայություններից  օգտվելու նպատակով Հաճախորդը պարտավոր է կատարել հաստատում` զանգահարելով +374 (60) 655 444 հեռախոսահամարով, եթե Հեռախոսային բանկային ծառայության օգտատեր է կամ այցելելով Բանկի մասնաճյուղ Բանկի մասնաճյուղ Այս հղումը կբացվի նոր պատուհանում:

Հաճախորդը պարտավոր է ներդնել համակարգչային ծրագրերի/ծրագրային ապահովման (software), գործառնական համակարգերի, հակավիրուսային ծրագրերի, անձնական համակարգչի պաշտպանիչ այլ ծրագրերի (հակալրտեսային ծրագրերի, միջցանցային էկրանների (firewalls) և այլն) նորագույն և կատարելագործված տարբերակներ: Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Ծառայությանն առնչվող ցանկացած համակարգչային սարքավորման, ծրագրային ապահովման համար, որոնք տրամադրվել են Բանկի կողմից չվերահսկվող այլ անձանց կողմից:

Հաճախորդը գիտակցում է նաև, որ ինտերնետով տվյալների փոխանցումը պարունակում է երրորդ անձանց կողմից Հաճախորդի ծածկագրերի կամ տվյալների կանխամտածված աղավաղման, երրորդ անձանց կողմից Հաճախորդի համակարգչային ծրագրերի չթույլատրված մուտքի հետևանքով հանձնարարականների/հարցումների ներկայացման, Հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականների բովանդակության աղավաղման, ինչպես նաև Ծառայության միջոցով ստացված տեղեկատվության աղավաղման ռիսկեր, և նա ամբողջությամբ տեղյակ է այդ ռիսկերի մասին:

Բանկը չի կարող երաշխավորել համակարգչային վիրուսների բացակայությունը և պատասխանատվություն չի կրում, եթե դրանք պատճառ հանդիսանան Հաճախորդի գույքի, ծրագրերի, ֆայլերի կորստի/վնասի, կամ այլ վնասների համար:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այլ կայքեր այցելելուց առաջ անհրաժեշտ է միշտ դուրս գալ Օնլայն բանկային Համակարգից՝ սեղմելով “Ելք” կոճակը, այլ ոչ թե փակելով զննարկիչի պատուհանը: Բանկն օգտագործում է Secure Socket Layers (SSL) կանխագրեր, որոնք ապահովում են ինտերնետ հաղորդակցման պաշտպանության բարձր մակարդակ: SSL-ն ապահովում է գաղտնագրված կապուղի Ձեր կողմից Ծառայությունն օգտագործելու ընթացքում՝ գաղտնագրելով Ձեր անձնական տեղեկատվությունը, սկսած Ձեր անձնական համակարգչից ուղարկելու պահից և բացառելով դրա հասանելիությունն այլ անձանց: Կախված Ձեր համակարգչի զննարկչի /browser/ կարգավորումից` Ծառայությունից օգտվելու ընթացքում Դուք կարող եք ծանուցվել պաշտպանված էջ մուտք գործելու վերաբերյալ:

Ծառայություն մուտք գործելիս Դուք տեղեկացվում եք պաշտպանված տիրույթում գտնվելու վերաբերյալ: Եթե ինտերնետային կայքէջի հասցեն (URL) սկսվում է https://-ով, կամ Ձեր զննարկչի ներքևի աջ անկյունում պատկերված է կողպեքի պաշտպանիչ նշան, ապա Դուք գտնվում եք պաշտպանված տիրույթում:

Հաճախորդը գիտակցում է, որ սույն Պայմաններում սահմանված անվտանգության ընթացակարգերի և կանոնների յուրաքանչյուր բացթողում կամ խախտում կարող է հանգեցնել իր վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության խախտման, երրորդ անձանց կողմից չլիազորված գործարքների կատարման, էլեկտրոնային հաղորդագրությունների աղավաղման, որոնց հետևանքով Հաճախորդը կարող է վնասներ կրել: Բանկը պարտավոր չէ փոխհատուցել այդ կապակցությամբ Հաճախորդի կրած վնասները:

3. Գործարքների սահմանաչափերԳործարքների սահմանաչափեր Այս հղումը կբացվի նոր պատուհանում և սահմանափակումներ, Հաճախորդին տրամադրվող քաղվածքներ և տեղեկատվություն

Հաճախորդի կողմից Ծառայության միջոցով իրականացվող գործարքների համար սահմանվում է Բանկի կողմից թույլատրված գործարքների օրական սահմանաչափ: Բանկի կողմից յուրաքանչյուր Հաճախորդի համար սահմանվող գործարքի թույլատրելի սահմանաչափը նշվում է Ծառայության համապատասխան բաժնում:

Ծառայության միջոցով Հաճախորդն ինքնուրույն կարող է նվազեցնել իր գործարքների թույլատրելի սահմանաչափը:

Բանկը կարող է փոփոխել Ծառայության միջոցով գործարքների իրականացման սահմանաչափ/եր/ը` Հաճախորդին այդ մասին գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսազանգով նախապես ծանուցելով:

Գործարքների թույլատրելի սահմանաչափի բարձրացումը/նվազեցումը կատարվում է Հաճախորդի կողմից Բանկին գրավոր, ինչպես նաև Ծառայության միջոցով ներկայացված դիմումի հիման վրա՝ առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանափակել նաև Օնլայն բանկային ծառայության միջոցով Հաճախորդին մատուցվող ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև փոփոխել Օնլայն բանկային Համակարգի միջոցով ծառայությունների մատուցման և հանձնարարականների ներկայացման վերջնաժամկետները` համապատասխան փոփոխությունները կատարելուց Հաճախորդին նախապես ծանուցելով այդ մասին Բանկի ինտերնետային կայքի միջոցով:

Հաճախորդի կողմից Ծառայության միջոցով Բանկի աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, մինչև ժամը 17:00 ներկայացված վարկ(եր)ի մարման հանձնարարականները կկատարվեն նույն օրը: Հաճախորդի կողմից Ծառայության միջոցով Բանկի աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 17:00-ից հետո, ինչպես նաև շաբաթ և ոչ աշխատանքային օրերին ներկայացված վարկ(եր)ի մարման հանձնարարականները կկատարվեն հանձնարարականի ներկայացման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

Հաճախորդի կողմից Ծառայության միջոցով Բանկին ներկայացվող տեղեկատվության տրամադրման դիմումների պատասխանները Հաճախորդին կտրամադրվեն դիմումները ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկն իրավունք ունի մերժել Հաճախորդի կողմից ներկայացված գործարքների կատարման հանձնարարականները/հարցումները ՀՀ իրավական ակտերով և/կամ Բանկի Հիմնական Պայմաններում սահմանված դեպքերում և կարգով` այդ մասին ծանուցելով Հաճախորդին հանձնարարականների/հարցումների ներկայացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

«Բողոք» թեմայով հաղորդագրությունների դեպքում Բանկը կարձագանքի Ձեր հարցմանը 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Տեղական բանկեր ԱՄՆ դոլարով և եվրոյով փոխանցման հանձնարարականները կկատարվեն համապատասխան հաղորդագրության մեջ նշված ժամկետներում։

Հաճախորդը երաշխավորում է, որ իր կողմից Ծառայության միջոցով բացված բանկային հաշիվ(ներ)ը համապատասխանում է/են իր ռեզիդենտության կարգավիճակին: Հաճախորդի ռեզիդենտության կարգավիճակի փոփոխության դեպքում Հաճախորդը պարտավոր է պատշաճ կերպով (այցելելով Բանկ կամ գրավոր ձևով) արդիականացնել իր անձնական տվյալները:

Եթե Հաճախորդը Ծառայության միջոցով բացում է ժամկետային Ավանդի հաշիվ արտարժույթով և ցանկանում է ժամկետային ավանդի դիմաց տոկոսագումարները ստանալ  ՀՀ դրամով,  ապա պարտավոր է Բանկում բացել դրամային հաշիվ:  

Հաճախորդն իրավունք ունի ստանալ Ծառայության միջոցով բացված հաշիվ(ներ)ի վերաբերյալ օրենքով սահմանված տեղեկատվություն (ներառյալ հաշվի քաղվածքներ)` Բանկի հետ համաձայնեցված եղանակով:

4. Հաճախորդի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

Հաճախորդը գիտակցում է, որ Ծառայության համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը հանդիսանում է Բանկի սեփականությունը: Հաճախորդի կողմից ծրագրային ապահովումը կրկնօրինակելու, արտատպելու, վերափոխելու դեպքում Բանկն իրավունք ունի Հաճախորդից պահանջել դրա հետ կապված վնասների հատուցում:

Հաճախորդը պարտավոր է իր անձնական տվյալների, փոստային հասցեի, ինչպես նաև հեռախոսահամարների փոփոխության դեպքում տեղյակ պահել Բանկին:

Հաճախորդն իրավունք ունի  ժամանակավորապես կասեցնել Ծառայության հասանելիությունը, ինչպես նաև պահանջել Ծառայության հասանելիության վերականգնում: Ծառայության հասանելիության կասեցումը կատարվում է Հաճախորդի պահանջը ներկայացնելու պահից հնարավոր սեղմ ժամկետում, դիմումն ստանալու պահից առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Ծառայության վերականգնումը կատարվում է Հաճախորդի դիմումը ներկայացնելու պահից առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Եթե Հաճախորդը չի օգտվում Ծառայությունից 24 ամիս շարունակ, Բանկն իրավունք ունի կասեցնել Ծառայությունից օգտվելու հնարավորությունը:

Հաճախորդը պարտավոր է մուտքագրել/ներկայացնել ճշգրիտ, ամբողջական և հստակ հանձնարարականներ: Հաճախորդը պարտավոր է պարբերաբար թարմացնել Ծառայությանը գրանցվելու ընթացքում ներկայացված տեղեկությունները` այդ տեղեկությունների ճշմարտացիությունը, ճշգրտությունը, վավերականությունը և ամբողջականությունն ապահովելու նպատակով:

Հաճախորդը գիտակցում է և համաձայն է, որ ստացված հանձնարարականների /հարցումների հիման վրա գործարքները Բանկի կողմից կկատարվեն տվյալ գործարքների կատարման համար սահմանված ժամկետներում:

Հաճախորդը պատասխանատու է սույն Պայմանների խախտման հետևանքով Բանկի կրած վնասների համար:

Հաճախորդը պարտավոր է չօգտագործել Ծառայությունը սույն Պայմաններին չհամապատասխանող ցանկացած այլ եղանակով, օրինակ` Բանկի ինտերնետային կայքը միացնելով/կապակցելով այլ կայքերի, հակառակ պարագայում Բանկն իրավունք ունի Հաճախորդից պահանջել նշված պարտավորության խախտման հետևանքով Բանկին պատճառած վնասների հատուցում:

Հաճախորդը գիտակցում է, որ Բանկի ինտերնետային կայքում տեղակայված էջերի օգտագործման միակ նպատակը դրանց միջոցով ֆինանսական գործարքների իրականացումը և տեղեկությունների ստացումն է: Այդ կապակցությամբ Հաճախորդը պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողության կատարումից, որի նպատակն է Բանկի ինտերենտային կայքի եղած ծրագրային կոդերի կամ ծրագրային ապահովման ապակոդավորումը և վերափոխումը, ծրագրային համակարգ չթույլատրված մուտք գործելը, որևէ եղանակով Բանկի ինտերնետային կայք ցանկացած ներխուժումը (օրինակ` մեխանիկական միջոցների կամ ավտոմատացված գործընթացների օգտագործմամբ):

Հաճախորդը սույնով հավաստում է, որ Ծառայության միջոցով իրականացվող գործարքները կապված չեն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետևանքով առաջացած եկամուտների հետ և կրում է պատասխանատվություն իր գործարքների օրինականության համար: Հաճախորդը պարտավոր է Բանկին ներկայացնել Ծառայության միջոցով կատարված գործարքների վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է պահանջվել Բանկի, ՀՀ կենտրոնական բանկի կամ իրավասու այլ մարմինների կողմից:

5. Բանկի իրավունքները և պարտականությունները - պատասխանատվության բացառում

Բանկը պատասխանատու է Ծառայության անխափան և բնականոն գործունեության համար: Բանկը չի կրում պատասխանատվություն Ծառայության այնպիսի ընդհատումների/խափանումների համար, որոնք առաջացել են անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների հետևանքով, որոնք Բանկը չէր կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի հանգամանքներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, քաղաքացիական անկարգությունները, գործադուլները, հեռահաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների գործողությունները և այլն, որոնք անհնար են դարձնում Բանկի կողմից իր պարտավորությունների կատարումը:

Ծառայության միջոցով Բանկը երրորդ անձանցից էլեկտրոնային եղանակով ստացված գործարքների հանձնարարականներում նշված տեղեկատվությունը փոխանցում է Հաճախորդին ճիշտ այնպիսի ձևով, ինչպես որ դա ուղարկվել է Բանկին` առանց դրա բովանդակության վերաբերյալ պատասխանատվություն կրելու:

Բանկը կրում է պատասխանատվություն Հաճախորդի կրած այն վնասների համար, որոնք առաջացել են Ծառայությունից օգտվելու կապակցությամբ Բանկի դիտավորյալ գործողությունների կամ անփութության հետևանքով:

Բանկը կարող է օգտագործել փոքր տեքստային ֆայլեր (նշոցիկներ/cookies), որոնք պահպանվում են Հաճախորդի համակարգչի կոշտ սկավառակի վրա և որոնք չեն պարունակում/հավաքագրում որևէ տեղեկություն Հաճախորդի համակարգչում եղած փաստաթղթերի կամ ֆայլերի վերաբերյալ: Դրանք օգտագործվում են Հաճախորդի կողմից որոշակի բանկային ծառայություններից օգտվելու հնարավորությունը դյուրին դարձնելու և կատարելագործելու կամ Բանկի վիճակագրական/ մարքեթինգային նպատակներով:

Հաճախորդը կարող է այնպես կարգավորել իր համակարգչի զննարկիչը (browser), որ այն չընդունի նշոցիկներ: Եթե Հաճախորդը չի ցանկանում օգտագործել նշոցիկներ իր ինքնության հաստատման համար, սույն Պայմաններում նշված ծառայությունների հետագա հասանելիությունը Հաճախորդին անհնարին կլինի:

Բանկը կձեռնարկի համապատասխան միջոցներ, որպեսզի Ծառայության միջոցով Հաճախորդին տրամադրվող տեղեկությունները ճշգրիտ արտացոլեն Բանկի համակարգերում առկա տեղեկությունները, ինչպես նաև երրորդ անձանց կողմից ստացված տեղեկությունները: Ծառայության բնույթից ելնելով և Բանկի վերահսկողության ոլորտներից դուրս գտնվող հանգամանքների պատճառով Բանկը չի երաշխավորում, որ Ծառայության միջոցով տրամադրված տեղեկատվությունը միշտ ճշգրիտ է կամ առանց բացթողումների: Ծառայության միջոցով հասանելի որոշ տեղեկությունների համար համապատասխան կայքերում կամ օգտագործողի ձեռնարկներում կարող են սահմանվել հրաժարումներ կամ այլ պայմաններ (disclaimers): Եթե Հաճախորդը հիմնվում է այդ տեղեկությունների վրա, նա ընդունում է նշված հրաժարումները կամ այլ պայմանները: 

6. Անհատական տվյալների պաշտպանությունը - տվյալների պաշտպանությունը և ապահովությունը

Հաճախորդը տեղեկացված է և սույնով հայտնում է իր համաձայնությունը, որպեսզի Բանկը, պահպանելով ՀՀ օրենսդրության և Հիմնական Պայմանների պահանջները, հավաքագրի և մշակի Հաճախորդի անհատական տվյալները` Ծառայությունները պատշաճ կերպով մատուցելու նպատակով: Հաճախորդը տեղեկացված է և համաձայն է, որ նշված տեղեկությունները կտրամադրվեն նաև Բանկի կողմից Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ ընկերություններին, ինչպես նաև Հիմնական Պայմաններով սահմանված այլ անձանց:

Եթե Հաճախորդը համաձայն չէ անհատական տվյալների պաշտպանության վերոնշյալ պայմաններին, նա պետք է ձեռնպահ մնա Ծառայությունից օգտվելուց:

Հաճախորդը, Բանկին տրամադրելով իր էլեկտրոնային փոստի հասցեն, հայտնում է իր համաձայնությունը, որ Բանկը պարբերաբար էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկի նշված հասցեին` Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ Հաճախորդին տեղեկություններ տրամադրելու նպատակով։ Բանկը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները` Հաճախորդի տվյալների անվտանգությունը և պահպանումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, Բանկը պատասխանատվություն չի կրում այն դեպքում, երբ, չնայած վերոնշյալ նպատակով կատարված պատշաճ գործողություններին, Հաճախորդի տվյալների գաղտնիությունը խախտվում է երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով:

7. Ծառայությունից օգտվելու սակագները

Ծառայության օգտագործման համար Բանկի կողմից կարող են սահմանվել վճարներ` Բանկի Ծառայությունների Սակագներով /ֆիզիկական անձանց համար/ սահմանված չափերով, որոնք գանձվում են Հաճախորդի` Բանկում բացված համապատասխան հաշիվներից:

Բանկը տեղեկացնում է Հաճախորդին Ծառայության համար վճարների փոփոխության մասին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Ժամկետներ - ծառայության օգտագործման/հասանելիության կասեցում և դադարեցում

Սույն Պայմանները գործում են անորոշ ժամկետով: Հաճախորդը կարող է դադարեցնել Ծառայությունից օգտվելու իր հնարավորությունը` Ծառայության միջոցով այդ մասին գրավոր ծանուցելով Բանկին` կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ: Բանկը կդադարեցնի Ծառայության հասանելիությունը Հաճախորդի ծանուցումը ստանալու պահից հնարավոր սեղմ ժամկետում՝ առավելագույնը 8 աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկն իրավունք ունի առանց Հաճախորդին նախապես ծանուցելու, կասեցնել կամ դադարեցնել Հաճախորդի կողմից Ծառայության օգտագործումը հետևյալ դեպքերում (ա) Հաճախորդի կողմից Ծառայությունը ոչ պատշաճ օգտագործելու դեպքում (բ) Հաճախորդի կողմից սույն Պայմանների, ինչպես նաև Բանկի նկատմամբ ստանձնած այլ պարտավորությունների խախտման դեպքում (գ) Հաճախորդի` Բանկում առկա բանկային հաշիվների փակվելու դեպքերում, (դ) Հաճախորդի կողմից Ծառայության օգտագործումը դադարեցնելու մտադրության մասին Բանկին որևէ եղանակով ծանուցելու դեպքերում:

9. Հղումներ այլ ինտերնետային կայքերին

Բանկը չի վերահսկում հղումների, հիպերհղումների, գովազդային բաներների միջոցով իր կողմից ուղղորդված ինտերնետային կայքերի հասանելիությունը, բովանդակությունը, անձնական տվյալների պաշտպանման քաղաքականությունը և ծառայությունների որակն ու ամբողջականությունը: Բանկը չի հաստատում այն ինտերնետային կայքերի բովանդակությունն ու ծառայությունները, որոնց նա հղում է կատարում իր կայքում:

10. Պայմանների փոփոխությունները

Սույն Պայմանները կարող են փոփոխվել Բանկի կողմից Հաճախորդին պատշաճ կերպով տեղեկացնելով այդ մասին Բանկի ինտերնետային կայքի կամ Բանկի մասնաճյուղերի միջոցով։

Ծառայության միջոցով գործարքների կատարումը շարունակելը համարվում է Հաճախորդի կողմից փոփոխված պայմանների ընդունման բավարար հիմք: Հաճախորդը համաձայն է, որ Ծառայությունից օգտվելու դեպքում դրանց նկատմամբ սույն Պայմանները կկիրառվեն Ծառայությունից օգտվելու պահի դրությամբ գործող փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

Մոբայլ բանկային ծառայության պայմաններ

Մոբայլ Բանկ հավելվածի օգտագործման պայմաններ

Սույն պայմանները կիրառելի են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի՝ (այսուհետ` Բանկ) «Մոբայլ Բանկ» հավելվածի նկատմամբ հետևյալի հետ միասին.

Նշում՝ Օնլայն բանկային ծառայության միջոցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը` ներառյալ գործարքի նպատակը և նկարագրությունը, շահառուի մասին տվյալները, վճարահաշվարկային փաստաթղթերում մուտքագրվում և արձանագրվում է անգլերեն լեզվով և անգլերեն տառերով, կամ հայերեն կամ ռուսերեն` անգլերեն տառերով:

Հավելվածի պայմանների, Ծառայությունների պայմանների կամ Ինտերնետային Բանկային համակարգի պայմանների միջև հակասության դեպքում գերակայող են համարվում սույն Հավելվածի պայմանները: 

Սույն Պայմաններում շարադրված «Մենք», «Մեզ» դերանունները վերաբերում են Բանկին, իսկ «Դուք», «Ձեզ» դերանունները՝ Հաճախորդին: 

Սույն Հավելվածի պայմանների ներքո համապատասխան իրավունքներ ունեն միայն հետևյալ կողմերը՝

  • Հաճախորդը (Դուք ), և 
  • «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, այսուհետ՝ Բանկ (Մենք ), և 
  • բջջային հեռախոսի և/կամ պլանշետի (այսուհետ՝ սարք) մատակարարը, որին ներբեռնել եք Հավելվածը, և 
  • Հավելվածների հարթակը (Application store), որտեղից ներբեռնել եք Հավելվածը:

Ի լրումն վերոհիշյալի, Դուք կարող եք ցանկացած ժամանակ Հավելվածի գործող Պայմաններին ծանոթանալ «Անձնական էջ» բաժնի «Կարևոր տեղեկատվություն» կոճակի միջոցով՝ Հավելված մուտք գործելուց հետո: 

Սույնով Բանկը իրավունք է տալիս օգտագործելու այս Հավելվածը Ձեր սեփականությունը հանդիսացող կամ Ձեր կողմից օգտագործվող սարքի վրա համաձայն սույն Պայմանների և Հավելվածների հարթակի կողմից սպասարկման պայմաններում սահմանված օգտագործման կանոնների:

Նշված իրավունքն ուժի մեջ է մտնում Հավելվածը ներբեռնելու և Հավելված մուտք գործելու պահից և դադարում է համաձայն սույն Պայմանների 7 կամ 8.2 կետերի:

1. ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՑԱՆԿ

Ստորև նշված հասկացությունները կիրառվում են հետևյալ նշանակությամբ՝

«Մոբայլ բանկ հավելված», «Հավելված» կամ «Մոբայլ հավելված» Բանկի մոբայլ բանկ հավելվածն է (HSBC Հայաստան Մոբայլ բանկ) կամ հաջորդող որևէ այլ հավելված/տարբերակ, որը հնարավոր է ներբեռնել այն սարքերին, որոնք աշխատում են Բանկի համար ընդունելի օպերացիոն համակարգերով:

«Մոբայլ բանկ հավելվածի ծառայություններ» այն ծառայություններն են, որոնք հասանելի են Մոբայլ բանկ հավելվածի միջոցով: Ծառայությունների ցանկը պարունակող հղումը տեղադրված է սույն Պայմանների 2.3 կետում:

«Անվտանգության սարք» մասնաճյուղում Հաճախորդին տրամադրվող էլեկտրոնային սարք, որն օգտագործվում է Օնլայն բանկային համակարգի համար Անվտանգության ծածկագիր գեներացնելու նպատակով:

«Թվային անվտանգության սարք» գործառույթ է, որը  հասանելի է դառնում մոբայլ հավելվածի միջոցով և հնարավորություն է տալիս Հաճախորդին գեներացնել Անվտանգության ծածկագիր Օնլայն բանկային համակարգ մուտք գործելու նպատակով։ Անվտանգության սարքը և Թվային անվտանգության սարքը համատեղելի չեն։

«Անվտանգության ծածկագիր»/ «Մեկանգամյա ծածկագիր» (OTP), Թվային անվտանգության սարքի միջոցով գեներացված մեկանգամյա անվտանգության ծածկագիրն  է: Նույնականացման ծածկագիրը պարբերաբար փոխվում է և տարբեր է յուրաքանչյուր մուտքի և գործարքների հաստատման դեպքում:

«Գաղտնաբառ» Օնլայն բանկային ծառայությանը գրանցվելիս ստեղծված գաղտնաբառ, որը թույլ է տալիս կարգավորել մոբայլ հավելվածը։

«Մոբայլ PIN» 6-նիշ PIN կոդ, որը Հաճախորդը ստեղծում է մոբայլ հավելված մուտք գործելու կամ Թվային անվտանգության սարքի միջոցով Անվտանգության ծածկագիր գեներացնելու համար, Կենսաչափական տվյալների փոխարեն։

«Կենսաչափական տվյալներ» Հաճախորդի կենսաչափական տվյալներ, որոնց միջոցով Հաճախորդը արգելաբացում է սարքը և օգտագործում համապատասխան ծրագրերը/համակարգերը: Կենսաչափական տվյալների միջոցով հնարավոր է մուտք գործել «Մոբայլ հավելված» և Թվային անվտանգության սարքով գեներացնել Անվտանգության ծածկագիր։

«Վճարումներ» կրեդիտ քարտի վճարումներ, որոնց շահառուները նախապես սահմանված են Ինտերնետային բանկային ծառայության միջոցով:

«Ավելացված շահառուներ» հաշիվներն են, որոնք Հաճախորդը ավելացրել է որպես շահառու Օնլայն բանկային ծառայության միջոցով։

«Էյչ-Էս-Բի-Սի Խումբ» (1) Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն և ցանկացած ընկերություն, որը կարող է հանդիսանալ Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ի դուստր ընկերություն, ներառյալ՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն և վերջինիս դուստր ընկերությունները և/կամ փոխկապակցված ընկերությունները, (2) Ցանկացած կազմակերպություն, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող է վերահսկվել սույն պարբերության (1) ենթակետում նշված որևէ ընկերության կողմից, թեև այդ ընկերությանն են պատկանում  բաժնետոմսերի ոչ ավել, քան 50%-ը, և (3) ցանկացած կազմակերպություն, որի մասին Մենք համապատասխանաբար կծանուցենք Հաճախորդին:

«Ինտերնետային բանկային ծառայություն» «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ինտերնետային բանկային ծառայությունն է, որն ամբողջությամբ հասանելի է www.hsbc.am կայքում:

«Փոխանցումներ» Բանկում, ՀՀ տարածքում գործող այլ բանկերում սպասարկվող հաշվին/հաշիվներին (ներառյալ համատեղ հաշիվները)  կատարվող ցանկացած փոխանցումներ: 

«Դուք», «Ձեզ» «Ձեր» դերանունները վերաբերում են այն անձանց, ովքեր ներբեռնել են «Մոբայլ բանկ» հավելվածը և ցանկացած այլ անձի, ով օգտագործում է այդ Հավելվածը:

«Մենք», «Մեզ», «Մեր» դերանունները վերաբերում են Բանկին, կամ «Մոբայլ բանկ» հավելվածն ամբողջությամբ կամ մասնակի տրամադրելու համար Բանկի կողմից նշանակված ցանկացած գործակալին:

2. ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ «ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿ» ՀԱՎԵԼՎԱԾԻՑ

2.1.«Մոբայլ բանկ» հավելվածից օգտվելու համար պետք է գրանցված լինել Ինտերնետային բանկային ծառայությանը: «Մոբայլ բանկ» հավելվածը կարող է օգտագործվել այն մոբայլ սարքերի վրա, որոնք աշխատում են մեր կողմից ընդունելի օպերացիոն համակարգերով: Հավելվածի միջոցով Դուք կարող եք օգտվել Ինտերնետային բանկային ծառայության որոշակի ծառայություններից: Այնուամենայնիվ, Ինտերնետային բանկային ծառայության ոչ բոլոր ծառայություններն են հասանելի Հավելվածի միջոցով (Ինտերնետային Բանկային ծառայության հասանելի ծառայություններին ծանոթանալու համար՝ տես սույն Պայմանների 2.3. կետը):

Օնլայն բանկային ծառայությանը հասանելիություն ունենալու համար Հաճախորդը պետք է ակտիվացնի Թվային անվտանգության սարք կամ Անվտանգության սարք։

Մոբայլ հավելվածից օգտվելու պարագայում, Թվային անվտանգության սարքի ակտիվացումը պարտադիր է, ընդ որում Հավելվածում Թվային անվտանգության սարքի ակտիվացումից հետո, Անվտանգության սարքը այլևս չի գործի։

Թվային անվտանգության սարքը չակտիվացնելու պարագայում, Հաճախորդը չի կարողանա օգտվել Մոբայլ հավելվածից։ Օնլայն բանկային ծառայությունը կմնա Հաճախորդին հասանելի։

 

2.2.  «Մոբայլ բանկ» հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ է`

  • մուտքագրել Օնլայն բանկային ծառայության օգտագործողի անունը և  պահանջվող անվտանգության այլ տվյալները, կամ
  • օգտագործել համապատասխան Կենսաչափական տվյալները: 

Անհրաժեշտության դեպքում Բանկը ժամանակ առ ժամանակ լրացուցիչ կտեղեկացնի Հաճախորդին պահանջվող անվտանգության տվյալներում ձեռնարկվող փոփոխության մասին:

«Մոբայլ բանկ» հավելվածի աշխատանքային սեանսն ավտոմատ կերպով դադարեցվում է 10 րոպե անընդմեջ որևէ գործողություն չկատարելու դեպքում:

 

2.3. Հավելվածի միջոցով հասանելի բանկային ծառայություններ

Ծառայության միջոցով կատարվող գործարքների և ստացվող տեղեկատվության ցանկը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել Բանկի կողմից` Հաճախորդին ծանուցելով Բանկի ինտերնետային էջում կամ Բանկի մասնաճյուղերում համապատասխան հայտարարություն տարածելու միջոցով։  

Բանկի կողմից Հաճախորդին առաջարկվող Ծառայության նկատմամբ կիրառվում են սույն Պայմանները, Բանկի Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանները (Ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի համար) (Հիմնական Պայմաններ), ինչպես նաև Բանկի Քարտային ծառայությունների տրամադրման պայմանները և Բանկի այլ կիրառելի պայմանները: 

Նշում՝ Ինտերնետային բանկային/Մոբայլ բանկային ծառայության միջոցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը` ներառյալ գործարքի նպատակը և նկարագրությունը, շահառուի մասին տվյալները, վճարահաշվարկային փաստաթղթերում մուտքագրվում և արձանագրվում են անգլերեն լեզվով և լատինատառ կամ հայերեն/ռուսերեն լեզուներով`լատինատառ:

«Մոբայլ բանկ» հավելվածը չի կարող օգտագործվել որևէ այլ նպատակով:

 

2.4. Ինչպես կատարել փոխանցումներ կամ վճարումներ Հավելվածի միջոցով

Կենսաչափական տվյալների օգտագործմամբ կամ Գաղտնաբառի  Մոբայլ PIN-ի մուտքագրմամբ Մոբայլ հավելված մուտք գործելուց հետո Դուք կարող եք փոխանցումներ իրականացնել միայն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող Ձեր հաշիվներին, ինչպես նաև կատարել Վճարումներ միայն Ավելացված շահառուներին, բացառությամբ արտերկիր ուղղված փախանցումները:

Ձեր օգտագործողի անունը, Անվտանգության ծածկագիրը և Մեր կողմից պահանջվող անվտանգության տվյալները մուտքագրելուց հետո Դուք կարող եք կատարել բոլոր Փոխանցումները կամ Վճարումները Հավելվածի միջոցով:

 

2.5.Մոբայլ բանկ հավելվածն օգտագործելիս չի թույլատրվում՝

  • Պատճենել, ամբողջությամբ կամ մասնակիորեն վերարտադրել «Մոբայլ բանկ» հավելվածը:
  • Աբողջությամբ կամ մասնակի փոփոխել, ձևափոխել կամ վերափոխել «Մոբայլ բանկ» հավելվածը:
  • Հեռացնել կամ ավելացնել հեղինակային իրավունքի որևէ նշում, որը կցված կամ ներառված է «Մոբայլ բանկ» հավելվածում: «Մոբայլ բանկ» հավելվածի սեփականության իրավունքը պատկանում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին:
  • Կազմալուծել «Մոբայլ բանկ» հավելվածը:

3. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

3.1. «Մոբայլ բանկ» հավելվածի ծառայությունները մատուցելիս Բանկը պատասխանատվություն չի կրում այդ ծառայության մատուցման թերությունների համար, որոնք  մասնակիորեն կամ ամբողջությամբ կապված են անկանխատեսելի կամ ոչ բնականոն իրավիճակների հետ, որոնք դուրս են Մեր վերահսկողությունից և որոնց հետևանքներից  անհնար է խուսափել՝ հակառակ դրանց կանխարգելման ուղղությամբ Բանկի բոլոր ջանքերի: Նման իրավիճակներից են՝ հեռախոսային կապի խափանումները կամ բջջային ցանցի առկայության դեպքում բջջային ցանցի հասանելիության տիրույթից դուրս գտնվելը:

3.2. «Մոբայլ բանկ» հավելվածը գործառնության առումով տրամադրվում է «ինչպես որ կա»՝ առանց որևէ հավաստման, երաշխիքի կամ համաձայնագրի: Բանկը չի կարող երաշխավորել, որ որևէ ցանցային վիրուս կամ այլ վնասակար ծրագիր չի փոխանցվի կամ որևէ վնաս չի հասցնի Հաճախորդի սարքին: Բանկը պատասխանատվություն չի կրում վերոնշյալի հետևանքով Հաճախորդի կրած որևէ վնասի համար:

3.3. Բանկը պատասխանատու է «Մոբայլ բանկ» հավելվածի և դրա բովանդակության համար: Apple Inc., Google Inc., Microsoft Corporation կամ Researcհ in Mօtion Limited ընկերությունները Հաճախորդի հանդեպ որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չեն կրում «Մոբայլ Բանկ» հավելվածի կապակցությամբ և «Մոբայլ բանկ» հավելվածի համար չեն տրամադրի տեխնիկական աջակցության կամ սպասարկման որևէ ծառայություն: 

3.4. «Մոբայլ բանկ» հավելվածը կարող են ներբեռնել և օգտագործել միայն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաճախորդները: 

Տեղակայման տվյալների օգտագործում

3.5. Օգտվելով այս ծառայություններից՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Բանկին, Բանկի գործընկերներին, Բանկի կողմից արտոնագրված անձանց և Google-ին գործածել, վերահսկել, փոխանցել, հավաքագրել, պահպանել, հայտնել, մշակել և օգտագործել Ձեր գտնվելու վայրի մասին տվյալները, որը թույլ կտա Բանկին և Google-ին տրամադրելու համապատասխան գործառույթներ՝ համաձայն սույն Հավելվածի և Google-ի պայմանների և գաղտնիության կանոնակարգի:

3.6. Հաճախորդը պետք է համաձայնվի օգտագործել տեղակայման ծառայությունները Հավելվածը ներբեռնելիս:

3.7 Վերոհիշյալ համաձայնությունը հնարավոր է դադարեցնել ցանկացած ժամանակ՝ անջատելով սարքի տեղակայման ծառայությունը:

3.8. Հավելվածի միջոցով մուտքը դեպի Google Maps /Google Earth ծրագրային ինտերֆեյս (API) կարգավորվում է Google-ի պայմաններով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ կայքերում.

4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության ապահովման Ձեր պարտականությունները

4.1. Դուք պետք է ձեռնարկեք բոլոր խելամիտ կանխարգելիչ գործողությունները՝ Ձեր մոբայլ սարքի և տվյալների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև զեղծարարությունը կանխարգելու համար:

Այդ կանխարգելիչ գործողություններն են.

  • Երբեք գրի մի առեք կամ գրանցեք Ձեր անվտանգության տվյալները այնպես, որ դրանք հասկանալի լինեն այլ անձանց համար,
  • Մի ընտրեք այնպիսի անվտանգության տվյալ, որը հեշտությամբ հնարավոր է կռահել,
  • Ուշադիր եղեք, որպեսզի Ձեր անվտանգության տվյալները օգտագործելիս ոչ ոք չլսի կամ չտեսնի դրանք,
  • Ինտերնետային բանկային ծառայության և «Մոբայլ բանկ» հավելվածի անվտանգության տվյալները պետք է լինեն յուրօրինակ,
  • Ձեր անվտանգության տվյալները չի կարելի հայտնել որևէ մեկին, ներառյալ ոստիկանությանը և մեզ,
  • Համաձայն 4.3 կետի անմիջապես փոխեք Ձեր անվտանգության տվյալները կամ դիմեք մեզ, եթե գիտեք կամ կասկածում եք, որ ինչ-որ մեկը տիրապետում է անվտանգության Ձեր տվյալներին, կամ եթե մենք տալիս ենք տվյալները փոխելու կարգադրություն,
  • Ձեր անվտանգության տվյալները և մոբայլ սարքը ապահով տեղում պահեք,
  • Հետևեք անվտանգության տվյալները ապահով պահելու մեր կողմից տրված բոլոր խելամիտ կարգադրություններին,
  • «Մոբայլ բանկ» հավելված մուտք գործելուց հետո Ձեր մոբայլ սարքը տեսադաշտում պահեք և թույլ մի տվեք այլ անձանց այն օգտագործել,
  • Հավելվածում աշխատանքն ավարտելուց հետո դուրս եկեք /log out/ «Մոբայլ բանկ» հավելվածից, և հատկապես ուշադիր եղեք, որպեսզի «Մոբայլ բանկ» հավելվածը ակտիվ վիճակում չմնա, երբ այն չեք օգտագործում (օրինակ, մինչ մոբայլ սարքով կատարում եք այլ գործողություն կամ այլ հավելվածով եք աշխատում),
  • Հետևեք Ձեր մոբայլ սարքի օպերացիոն համակարգն արտադրողի անվտանգության կանոններին, որոնք վերաբերում են «Մոբայլ բանկ» հավելվածը կամ Ձեր մոբայլ սարքը օգտագործելուն (միևնույն ժամանակ նկատի ունեցեք, որ ոչ մի դեպքում չի կարելի Ձեր անվտանգության տվյալների կամ մեզ մոտ ունեցած հաշիվների մասին հայտնել նրանց):
  • Ձեռնարկեք անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններ՝ սարքը համակարգչային վիրուսներից և այլ վնասակար ծրագրերից զերծ պահելու համար:

 

4.2. Չի թույլատրվում «Մոբայլ բանկ» հավելվածն օգտագործել այնպիսի սարքերի կամ օպերացիոն համակարգերի վրա, որոնք ենթարկվել են այնպիսի փոփոխության, որը չի սպասարկվում կամ չի երաշխավորվում սարքի կամ օպերացիոն համակարգի ստեղծողի/արտադրողի կողմից: Սա վերաբերում է նաև այն սարքերին, որոնք «կոտրած են»: «Կոտրած» են համարվում այն սարքերը, որոնց նկատմամբ բջջային օպերատորի և հեռախոսի արտադրողի կողմից կիրառված սահմանափակումները խախտվել են՝ առանց վերջիններիս համաձայնության:

4.3. Սկզբնական գրանցումից հետո Բանկը չի պահանջելու Հաճախորդից բացահայտել իր անվտանգության տվյալներն ամբողջությամբ կամ Բանկի անունից Հաճախորդի հետ կապ հաստատելու համար չի օգտվի երրորդ անձի ծառայությունից: Եթե ինչ-որ մեկը կդիմի նմանատիպ խնդրանքով (նույնիսկ եթե օգտագործեն Բանկի անունը և ապրանքանիշը, որոնք շատ նման կլինեն իրականին), ապա դա, ամենայն հավանականությամբ, զեղծարարություն է, և ոչ մի դեպքում չպետք է Ձեր անվտանգության տվյալները հայտնեք նրանց: Միևնույն ժամանակ, ցանկացած նման դեպքի մասին պետք է անմիջապես տեղյակ պահեք Բանկին: 

4.4. Դուք պատասխանատվություն եք կրում Մոբայլ Բանկ մուտք գործելու և Հավելվածից դուրս գալու միջև ընկած ժամանակահատվածում Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի կողմից տրված բոլոր հրահանգների համար: 

4.5. Դուք պատասխանատվություն եք կրում սարքի էկրանին կամ սարքում պահվող տեղեկատվությունն ապահով պահելու համար:

4.6. Դուք անհապաղ պետք է տեղեկացնեք Բանկին բջջային հեռախոսահամարի փոփոխության դեպքում:

Ինչ անել, եթե անվտանգության խախտում եք նկատել

4.7. Եթե գիտեք կամ կասկածում եք, որ  որևէ այլ անձ տիրապետում է Ձեր անվտանգության տվյալներին, կամ օգտագործել է կամ փորձել է օգտագործել դրանք, կամ եթե կորցրել եք Ձեր սարքը կամ այն գողացել են, անհրաժեշտ է անհապաղ զանգահարել Ինտերնետային բանկային ծառայության աջակցության կենտրոն +374 (60) 655 000 հեռախոսահամարով: Մենք կարող ենք խնդրել Ձեզ համագործակցել Մեր և ոստիկանության հետ՝ անվտանգության Ձեր տվյալների, «Մոբայլ բանկ» հավելվածի կամ Ձեր հաշիվների իրական կամ կասկածելի օգտագործման դեպքը բացահայտելու համար:

Չթույլատրվող գործարքներ

4.8. Չթույլատրվող գործարքների մանրամասներին կարող եք ծանոթանալ Ծառայության պայմաններում: Դուք պատասխանատվություն եք կրում չթույլատրվող գործարքների հետևանքով առաջացած կորուստների համար, որոնք կարող են առաջանալ ստորև նշված գործողությունների/անգործության արդյունքում.

  • Դուք զեղծարարություն եք իրականացրել, կամ 
  • դիտավորությամբ կամ անփութությամբ «Մոբայլ բանկ» հավելվածը չեք օգտագործել Հավելվածի պայմաններին համապատասխան (ներառյալ «Մոբայլ բանկ» հավելվածի անվտանգության տվյալների պահպանության պահանջները) կամ
  • համաձայն սույն Պայմանների 4.7 կետի պահանջների դիտավորությամբ կամ անփութությամբ Բանկին չեք ծանուցել, որ տեղյակ եք կամ կասկածում եք, որ որևէ այլ անձ օգտագործել կամ փորձել է օգտագործել Ձեր «Մոբայլ բանկ» հավելվածը կամ գիտի Ձեզ պատկանող «Մոբայլ բանկ» հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ անվտանգության տվյալները:

5. ՈՉ ԲՆԱԿԱՆՈՆ ԵՎ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե չենք համապատասխանում սույն Պայմաններով սահմանված որևէ պահանջի սույն կետում նշված պատճառներով, մասնավորապես, եթե

  • առկա են մեր վերահսկողությունից դուրս ոչ բնականոն և անկանխատեսելի իրավիճակներ, որոնց հետևանքներն, անկախ մեր ձեռնարկած կանխարգելիչ քայլերի, անխուսափելի են, կամ
  • նման անհամապատասխանությունը բխում է տեղական օրենսդրությամբ սահմանված պահանջները կատարելու անհրաժեշտությունից:

6. «ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿ» ՀԱՎԵԼՎԱԾԻ ԿԱՍԵՑՈՒՄ

Մենք կարող ենք ցանկացած ժամանակ կասեցնել «Մոբայլ բանկ» հավելվածի օգտագործումը, եթե դա խելամտության սահմաններում անհրաժեշտ ենք համարում հետևյալ պատճառներով.

  • Եթե մենք մտահոգված ենք «Մոբայլ բանկ» հավելվածի կամ Ինտերնետային բանկային ծառայության ապահովության համար, կամ
  • Եթե կասկածում ենք, որ Ձեր «Մոբայլ բանկ» հավելվածը կամ Ինտերնետային բանկային ծառայությունը օգտագործվում են զեղծարարությամբ կամ Ձեր կողմից չարտոնված ձևով, կամ
  • Եթե մենք պետք է կատարենք օրենքով սահմանված պահանջները:

«Մոբայլ բանկ» հավելվածի օգտագործումը կասեցնելու դեպքում կասեցվում է նաև Հաճախորդի Ինտերնետային բանկային ծառայությունը։

Նման դեպքերում Բանկը սովորաբար նախապես ծանուցում է Ձեզ կասեցման և դրա պատճառների մասին: Սակայն ծանուցում չի իրականացվում, եթե այդպիսով վտանգի կենթարկվեն Բանկի կողմից ձեռնարկված անվտանգության ապահովման խելամիտ քայլերը կամ եթե դա կհակասի օրենքին: Որոշ դեպքերում Բանկը Ձեզ նախապես ծանուցելու հնարավորություն չի ունենա: 

Ինտերնետային բանկային ծառայություն և «Մոբայլ բանկ» հավելված մուտք գործելիս մի քանի անգամ մուտքային տվյալների սխալ մուտքագրման դեպքում նշված համակարգեր մուտքի հնարավորությունը կկասեցվի: Նման դեպքերում Դուք կարող եք վերաակտիվացնել Ձեր մուտքային տվյալները Ինտերնետային Բանկային ծառայության միջոցով՝ ներկայացնելով վավեր նույնականացման տվյալներ և պատասխանելով համապատասխան անվտանգության հարցերին: Հակառակ դեպքում կարող եք զանգահարել Ինտերնետային բանկային ծառայության աջակցության կենտրոն +374 (60) 655 000 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի մասնաճյուղԲանկի մասնաճյուղ Այս հղումը կբացվի նոր պատուհանում:

7. ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

7.1. Դուք կարող եք ցանկացած ժամանակ դադարեցնել Հավելվածի օգտագործումը՝ կապ հաստատելով Մեզ հետ հեռախոսով կամ այցելելով մասնաճյուղ: Սույն իրավունքը դադարեցնելու համար գանձում չի կիրառվում : Նման դեպքում Հաճախորդը պարտավոր է իր սարքից  հեռացնել «Մոբայլ բանկ» hավելվածը: 

7.2. Մենք կարող ենք անմիջապես դադարեցնել Ձեզ տրված այս իրավունքը հետևյալ դեպքերում՝

  • եթե Դուք չեք օգտվել «Մոբայլ բանկ» հավելվածից կամ Ինտերնետային բանկային ծառայությունից 24 ամիս շարունակ: (Ծառայությունները նորից օգտագործելու համար պետք է վերաակտիվացնեք Ձեր Ինտերնետային բանկային ծառայության օգտագործողի անունը), կամ  
  • եթե ուղղակիորեն կամ շարունակաբար խախտում եք Հավելվածի կամ Ծառայության պայմանները, որոնք ներառում են հետևյալը.
  • Դուք կամ Ձեր թույլտվությամբ մեկ ուրիշն ապօրինաբար օգտագործում կամ բացում է բանկային հաշիվ, ձեռք է բերում որևէ ծառայություն կամ գումար, կամ դրա վերաբերյալ Մենք ունենք հիմնավոր և ողջամիտ կասկածներ, կամ
  • Ձեր հաշիվը օգտագործվում է անօրինական նպատակներով, կամ դրա վերաբերյալ Մենք ունենք հիմնավոր և ողջամիտ կասկածներ, կամ
  • Դուք գործում եք խարդախորեն, կամ դրա վերաբերյալ Մենք ունենք հիմնավոր և ողջամիտ կասկածներ, կամ
  • Ձեր գործողություններն անընդունելի են, օրինակ սպառնում եք աշխատակցին կամ կոպիտ եք վարվում նրա հետ, կամ
  • Դուք իրավունք չունեիք ներբեռնելու Հավելվածը, կամ
  • Մենք պահանջ ենք ներկայացրել վճարում կատարելու Ձեր հաշվի սահմանաչափը գերազանցած գումարի չափով, որը Դուք չեք կատարել, կամ
  • Մենք ունենք հիմնավոր և ողջամիտ հիմքեր կասկածելու, որ Ձեր անվտանգության տվյալները ապահով չեն պահվել, կամ
  • Մենք ունենք հիմնավոր և ողջամիտ հիմքեր կասկածելու, որ Դուք Ձեր հաշվով հանցանք եք գործել կամ պատրաստվում եք գործել, կամ
  • Դուք չեք բավարարել փողերի լվացման դեմ պայքարի որևէ պահանջ,
  • Տեղի է ունեցել զեղծարարություն Ձեր՝ Էյչ-Էս-Բի-Սի-ի հաշիվներով կամ այդ հաշիվներով կատարված որևէ գործարքում, կամ եթե դրա վերաբերյալ Մենք ունենք ողջամիտ կասկածներ, կամ
  • եթե Ձեր հաշվով անսովոր գործարք է կատարվում, կամ եթե դրա վերաբերյալ Մենք ունենք հիմնավոր և ողջամիտ կասկածներ, կամ
  • Մենք ունենք հիմքեր կասկածելու, որ Ձեր անվտանգության տվյալներն օգտագործվում են չարտոնված կամ զեղծարար կերպով, կամ
  • եթե «Մոբայլ բանկ» հավելվածը հեռացվել է Ձեր սարքի օպերացիոն համակարգի ստեղծողի կամ որևէ միջնորդի կողմից, կամ
  • եթե Մենք դադարեցնում ենք «Մոբայլ բանկ» հավելվածի սպասարկումը Ձեր սարքի կամ վերջինիս օպերացիոն համակարգի վրա, կամ
  • եթե այլևս չեք օգտվում որևէ հաշվից, ծառայությունից կամ սպասարկումից, որոնց համար կիրառելի է «Մոբայլ բանկ» հավելվածը, կամ
  • եթե Մենք  համոզված ենք, որ շարունակելով պայմանագիրը՝ Օրենք, կարգ, կանոնակարգ, դատարանի որոշում կամ այլ պարտավորություն ենք խախտում, կամ

Մեր կամ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի մեկ այլ անդամի նկատմամբ որևէ պատժամիջոց կամ պատասխանատվություն կկիրառվի որևէ կառավարության, վերահսկող մարմնի կամ իրավապահ մարմնի կողմից: 

7.3. Ծառայությունը դադարեցնելուց հետո Բանկն անմիջապես կծանուցի Ձեզ դրա մասին Ձեր և Բանկի միջև համաձայնեցված հաղորդակցման եղանակով:

7.4. Մենք կարող ենք դադարեցնել այս իրավունքը ցանկացած այլ պատճառով՝ այդ մասին Ձեզ ծանուցելով Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված հաղորդակցման եղանակով: Օրինակ՝ նման դեպք կարող է տեղի ունենալ «Մոբայլ բանկ» հավելվածը նորով փոխարինելու դեպքում:

7.5. Որևէ պատճառով իրավունքը դադարեցնելու դեպքում՝

  • Դուք պետք է Ձեր սարքից հեռացնեք «Մոբայլ բանկ» հավելվածը, և
  • վերացնեք «Մոբայլ բանկ» հավելվածի բոլոր պատճենները՝ ներառյալ Ձեր տնօրինման տակ գտնվող դրա բոլոր բաղադրիչները, ինչպես նաև
  • անհապաղ կդադարեցվեն «Մոբայլ բանկ» հավելվածի Ձեր բոլոր իրավունքները:

7.6. Ձեր սարքը փոխելու կամ դրանից ազատվելու դեպքում, անհրաժեշտ է հեռացնել դրանում առկա «Մոբայլ բանկ» հավելվածը:

8. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8.1. Բանկը կարող է փոփոխել Հավելվածի պայմանները (որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում, նոր սակագների և «Մոբայլ բանկ» հավելվածի օգտագործմամբ կատարվող գործարքների տեսակների փոփոխությունները) Ծառայության պայմաններում նշված պատճառներից որևէ մեկի հիման վրա: Բանկը կարող է նաև փոփոխել Հավելվածի պայմանները ցանկացած այլ հիմնավոր պատճառով՝ այդ մասին Ձեզ ծանուցելով Ձեր և Բանկի միջև համաձայնեցված հաղորդակցման եղանակով:

8.2. Եթե Ձեզ ծանուցում ենք ներկայացրել, որով տեղեկացնում ենք, որ պատրաստվում ենք փոփոխել Պայմանները, ապա Դուք իրավասու եք դադարեցնել սույն Հավելվածի օգտագործումն առանց որևէ լրացուցիչ վճարի՝ նախքան փոփոխված պայմանների ուժի մեջ մտնելը: Եթե Դուք Բանկին չեք տեղեկացնում դադարեցման Ձեր ցանկության մասին, ապա փոփոխությունները համարվում են Ձեզ հետ համաձայնեցված և ուժի մեջ մտած: 

9. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

9.1. Հավելվածի պայմաններից որևէ դրույթի անվավերությունը, անօրինական կամ ոչ կիրառելի դառնալը չի ազդում Հավելվածի մյուս պայմանների վավերականության վրա: 

9.2. Սույն պայմաններում նշված Հաճախորդի պարտավորությունները կատարելու համար Հաճախորդին կարող է տրամադրվել լրացուցիչ ժամանակ կամ կարող են չիրացվել Բանկի որոշ իրավունքները, սակայն դա չի նշանակում, որ հաջորդ անգամ Բանկը նորից կցուցաբերի նույն մոտեցումը:

9.3. Սույն պայմաններից բխող Բանկի իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակի կարող են փոխանցվել այլ անձանց: Հաճախորդը չի կարող սույն պայմաններից բխող իր իրավունքները ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել այլ անձանց:

10. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔԸ ԵՎ ԼԵԶՈՒՆ

Սույն Հավելվածի պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հավելվածի պայմանների կապակցությամբ բոլոր վեճերը ենթակա են Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությանը:

Սույն Հավելվածի պայմանները կազմված են անգլերեն և հայերեն լեզուներով: Հավելվածի Պայմանների անգլերեն և հայերեն տարբերակների միջև անհամապատասխանություն լինելու դեպքում, գերակայությունը տրվում է հայերեն տարբերակին: Սույն հավելվածում ներառված էջերի, վահանակների (screens), տեղեկությունների կամ ցանկացած այլ նյութերի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է Բանկին կամ Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, եթե այլ բան նշված չէ:

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։